O u r S t o r y

Lusarev-ի Ստեղծման Պատմությունը

Սկիզբը

Lusarev գինեգործարանը հիմնադրվել է 2001թ-ին Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում Մուրադ և Սամվել Սարգսյան եղբայրների կողմից։

Lusarev-ում մենք սիրում ենք զբաղվել նորարարությամբ՝ պահպանելով փորձված տեխնոլոգիաներն ու ավանդույթները։ Արդյունքում ստեղծվում են նուրբ և թարմ համադրություններ։

Մեր այգիներում, որոնք շուտով կկազմեն շուրջ 5 հա տարածք, աճեցնում ենք խաղողի էնդեմիկ սորտեր՝ Արենի և Ոսկեհատ։ Սպիտակ խաղողի բերքահավաքն իրականացնում ենք սեպտեմբերին, կարմիրինը՝ հոկտեմբերին, իսկ վաղ բերքահավաքը լինում է օգոստոս ամսվա վերջում կամ սեպտեմբերի սկզբում։ Բերքահավաք իրականացնում ենք ինչպես մեր սեփական այգիներից, այնպես էլ տեղի բնակիչներից խաղողի մթերման ճանապարհով՝ հավատարիմ մնալով համայնքին ներգրավվելու մեր առաքելությանը։

Բերքահավաքից հետո խաղողը արկղերով տեղափոխում ենք Lusarev գինեգործարան, որտեղ մեր մասնագետների հոգատար ձեռքերով առանձնացվում են լավագույն հատիկները և ուղարկվում մշակման։ Մամլման աշխատանքներն իրականացնում ենք փոքր տարողությամբ գերժամանակակից սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս բացառիկ որակ հաղորդել Lusarev-ի ամեն կաթիլին։

Lusarev գինիների պահպանման և հնեցման համար օգտագործում ենք արցախյան կաղնու տակառներ, կարասներ և գինեգործական բետոնե ձվաձև տարաներ։

Մեր տեսլականը

Lusarev-ում մենք կարևորում ենք սերը գործի նկատմամբ, ստեղծարարությունը և վարպետությունը։ Արդյունքում ձևավորել ենք տեսլական, որն առաջնորդում է բոլորիս մեր ամենօրյա աշխատանքում։ Այն է՝

  • Պահպանել և զարգացնել հայկական գինեգործության հարուստ ժառանգությունը՝ ավանդույթ, որը հազարամյակների պատմություն ունի,
  • Ստեղծել բարձրորակ գինիներ, որոնք ոչ միայն կմարմնավորեն մեր յուրօրինակ տերուարի առանձնահատկությունները, այլև կարտացոլեն միաժամանակ հայկական խաղողագործության ավանդույթներն ու նորարարությունը,
  • Ստեղծել կապ գինու իրական սիրահարների և հայկական գինեգործական ժառանգության միջև՝ տալով նրանց հնարավորություն ծանոթանալու հայկական գինու տարբերվող համերին։

Մեր առաքելությունը և նպատակները

Lusarev գինեգործարանը ջանք չի խնայում աջակցելու և զարգացնելու մեր տեղական համայնքը. մեր հիմնադիր եղբայրներ՝ Մուրադ և Սամվել Սարգսյանները հենց այս գաղափարով են հանդես եկել դեռևս 2001 թվականին: Համագործակցելով տեղի գյուղացիների հետ, ովքեր մեզ մատակարարում են իրենց լավագույն բերքը՝ մենք համոզվում ենք, որ հաջողությունը կիսում ենք այն մարդկանց հետ, ովքեր սերունդներ շարունակ խնամել են այս հողը: Մենք մտադրված ենք ստեղծել բացառիկ գինիներ, որոնք մարմնավորում են մեր հարուստ ժառանգությունը՝ միաժամանակ նպաստելով մեր համայնքի տնտեսական աճին և կայունությանը: 

Մեր նպատակներն են՝

Ավանդույթի և Մշակույթի պահպանում – Մենք նպատակ ունենք պահպանել և մեր գործունեությամբ վեր հանել հայկական գինեգործական ժառանգությունը՝ կիսվելով վերջինիս պատմությամբ և ավանդույթներով աշխարհի հետ։

Կայունություն և նորարարություն – Մենք կարևորում ենք ինչպես կայուն գյուղատնտեսական պրակտիկաների կիրառությունը, այնպես էլ նորարարությունը, մշտապես սովորում և կատարելագործվում ենք՝ ծանոթանալով և ներառելով ժամանակակից տեխնոլոգիաներ։

Որակ և գերազանցություն – Ինքներս մեզ գերազանցելու ձգտումը մղում է մեզ շարունակաբար կատարելագործել գինեգործության մեր տեխնիկաներն ու գործընթացները, որպեսզի Lusarev-ի յուրաքանչյուր պրոդուկտը համապատասխանի որակի ամենաբարձր չափանիշներին։

Հոգատարություն և պատասխանատվություն – Շրջակա միջավայրի պահպանությանը և մեր հաճախորդների համար լավագույն փորձառությունն ապահեվոլուն վերաբերվում ենք մեծ պատասխանատվությամբ՝ մանրակրկիտ ուշադրություն հատկացնելով գինիների ստեղծման և մատուցման գործընթացին։

Միասին, մեր նվիրված թիմի և տեղի համայնքի անգնահատելի աջակցության շնորհիվ, մենք ստեղծում ենք ոչ միայն գինի, այլև ծաղկող և կենսունակ համայնք, որ մեզ հետ զուգահեռ ձգտում է զարգանալ՝ հավատարիմ մնալով ավանդույթներին և կայունությանը։

Կիսեք մեզ հետ այս ճանապարհը և ծանոթացեք հայկական գինու իրական համերին։

Մեր գործարանը

Հայաստանը գինեգործության հնագույն երկրներից է, այստեղ խաղողի այգիները տեղակայված են 5 հիմնական մարզում՝ Վայոց Ձոր, Արմավիր, Արարատ, Արագածոտն և Տավուշ։ Վայոց Ձորի Արենի համայնքում է գտնվում Աղավնաձորը։

Այս գողտրիկ գյուղում, որտեղ աշունը սովորաբար երկար է և տաք, արևը՝ ջերմացնող, մարդիկ՝ սիրալիր, բնությունը ստեղծել է բարենպաստ պայմաններ գյուղատնտեսության, բայց մասնավորապես՝ խաղողագործության համար։

Հենց այստեղ՝ Աղավնաձորի սրտում տեղակայված է Lusarev գինեգործարանը։ Իր գործունեության ավելի քան 20 տարիների ընթացքում մեր գինեգործարանը զարգացման գեղեցիկ և օրինակելի ճանապարհ է անցել՝ ամբողջովին վերազինվելով նորագույն՝ միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնոլոգիաներով և փոքրիկ ընտանեկան նախաձեռնությունից վերածվելով տեղի խոշոր արտադրության։

Lusarev-ի սեփական գինեգործարանը հնարավորություն է տալիս հետևողականորեն վերահսկել գինիների պատրաստման գործընթացի յուրաքանչյուր փուլը՝ խաղողի բերքահավաքից մինչև շշալցում, ապահովելով բացառիկ որակ յուրաքանչյուր շշի մեջ:

Lusarev գինեգործարանում իրենց ներդրումն են կատարում հենց Աղավնաձոր գյուղի բնակիչները՝ աշխատելով նվիրվածությամբ և սիրով, Lusarev բրենդը դարձնելով համայնքային ջերմ ավանդույթ և փորձառություն։ Մեր մասնագետները գինեգործության մեջ երկար ճանապարհ են անցել և հմտացել՝ վերածելով այն արվեստի նոր ճյուղի։

Մեր թիմում ընդգրկված են ինչպես տեղացի փորձառու գինեգործներ, այնպես էլ խորհրդատուներ Ֆրանսիայի պատմական մարզ Շամպայնից, որոնք օգնում են համադրել միջազգային փորձը և տեղական ավանդույթները: