O u r S t o r y
Lusarev-ի Ստեղծման Պատմությունը
Որտեղից սկսվեց մեր պատմությունը
Lusarev -ը հիմնադրվել է 2001 թվականին Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում՝ Մուրադ և Սամվել Սարգսյան եղբայրների կողմից։ Սկզբնական շրջանում այն փոքր գինեգործական նախաձեռնություն էր, որը ստեղծվել էր համայնքի զարգացման գաղափարով և մեծ արտադրական ծավալներ չուներ։ Գինեգործարանը գտնվում է Աղավնաձորում՝ Հայաստանի գինեգործական ժառանգության կարևոր կենտրոններից մեկում, որտեղ գինեգործությունը պարզապես զբաղմունք չէ, այլ մշակույթ, որը ձևավորվել է բնության հետ համատեղ ապրելու և ստեղծելու ավանդույթից։ 2020 թվականին հիմնադիրների ժառանգներից մեկը՝ Սամվել Սարգսյանի որդին՝ Ֆրունզե Սարգսյանը որոշեց նոր շունչ տալ բրենդին՝ մեծացնել արտադրության ծավալները և կենտրոնանալ դրա հետագա զարգացման վրա։
Lusarev -ի գինիները ծնվում են հենց Վայոց ձորում՝ մի տարածաշրջանում, որտեղ երկար ու տաք աշունը և արևոտ օրերը ստեղծում են խաղողի հասունացման համար բացառիկ պայմաններ։ Բարձրադիր լանջերին՝ ծովի մակարդակից շուրջ 1490 մետր բարձրության վրա, ձևավորվում է այն բնական միջավայրը, որը տալիս է այս տարածքի խաղողին իր բնավորությունը։ Արևը, մաքուր լեռնային օդը և հողի առանձնահատկությունները ստեղծում են պայմաններ, որոնց շնորհիվ յուրաքանչյուր շիշ ձեռք է բերում իր յուրահատուկ համը։
Այս ամենի հիմքում Աղավնաձորի հին այգիներն են։ Այստեղ պահպանվել են 120-ամյա որթատունկեր, որոնք տալիս են սահմանափակ, բայց բարձր որակի բերք։ Այդ հին այգիները մինչև այսօր շարունակում են ձևավորել այս վայրի գինեգործական ինքնությունը։
Համայնքը՝ մեր ուժը
Աղավնաձորի համայնքը «Lusarev»-ի պատմության կարևոր մասն է։ Խաղողը հավաքվում է ոչ միայն գինեգործարանի սեփական այգիներից, այլև մթերվում է տեղական խաղողագործներից, քանի որ մեզ համար սկզբունքային է համայնքի մասնակցությունը գինու ստեղծման գործընթացում։ Այս գործակցության շնորհիվ գինու ստեղծման գործընթացում ներգրավված են մարդիկ, որոնք սերունդներ շարունակ խնամել են այս հողը։ Այդպես «Lusarev»-ի յուրաքանչյուր գինի իր մեջ կրում է ոչ միայն տեղանքի առանձնահատկությունները, այլև համայնքի աշխատանքի և փորձի շարունակականությունը։
Մեր այգիներն ու խաղողի սորտերը
Այս միջավայրում են ձևավորվել նաև Lusarev -ի խաղողի այգիները, որտեղ աճեցվում են հայկական էնդեմիկ խաղողի սորտեր՝ Արենին և Ոսկեհատը։ Այգիների տարածքը շուտով կհասնի շուրջ 5 հեկտարի։ Բերքահավաքը կազմակերպվում է խաղողի բնական հասունացման փուլերին համապատասխան։ Փրփրուն գինիների համար խաղողի առաջին բերքահավաքը սկսվում է օգոստոսի վերջից։ Սպիտակ խաղողը հիմնականում հավաքվում է սեպտեմբերին, իսկ կարմիր խաղողը՝ հոկտեմբերին։
Այգիների մշակման և գինեգործական գործընթացների հիմքում ավանդական փորձի և ժամանակակից տեխնոլոգիաների համադրությունն է։ Այդ մոտեցումը թույլ է տալիս ստեղծել գինիներ, որոնք պահպանում են հայկական խաղողի բնական համն ու բնույթը։
Ճշգրտություն արտադրության ամեն փուլում
Բերքահավաքից հետո խաղողն արկղերով տեղափոխում ենք Lusarev -ի գինեգործարան։ Այստեղ այն մանրակրկիտ տեսակավորվում է մեր մասնագետների կողմից, և մշակման հաջորդ փուլ են անցնում միայն լավագույն հատիկները։
Մեր սեփական գինեգործարանը հնարավորություն է տալիս վերահսկել ամբողջ արտադրական գործընթացը՝ խաղողի բերքահավաքից մինչև շշալցում։ Այդ վերահսկողության շնորհիվ յուրաքանչյուր շիշ ստեղծվում է նույն հոգատարությամբ և ուշադրությամբ։
Հնեցման արվեստը
Երեք տարբեր մեթոդներ են օգտագործվում պահպանման և հնեցման համար Lusarev -ի գինիների՝ արցախյան կաղնու տակառներ, ավանդական կարասներ և բետոնե ձվաձև տարաներ։ Այս մեթոդների համադրությունը թույլ է տալիս ստեղծել գինիներ, որոնք պահպանում են խաղողի բնական համը և ունեն ներդաշնակ ու հարուստ կառուցվածք, թարմություն։
Միջազգային չափանիշների գինեգործարան
Աղավնաձորի սրտում գտնվող գինեգործարանը վերջին ավելի քան 20 տարվա ընթացքում անցել է կայուն զարգացման ճանապարհ։ Այդ ընթացքում այն արդիականացվել է նորագույն տեխնոլոգիաներով և փոքր ընտանեկան նախաձեռնությունից դարձել ժամանակակից արտադրություն։ Այս առաջընթացը հնարավոր է դարձել թիմի և համայնքի համատեղ աշխատանքի շնորհիվ։ Գինեգործարանում աշխատում են նաև Աղավնաձորի բնակիչներն՝ իրենց փորձով և նվիրվածությամբ մասնակցելով գինու ստեղծման գործընթացին։
«Lusarev»-ի հետևում կանգնած մարդիկ
Մենք համադրում ենք տեղական փորձը և միջազգային գիտելիքը։ Մեր թիմում են ինչպես հայ փորձառու գինեգործներ, այնպես էլ խորհրդատուներ Ֆրանսիայի պատմական Շամպայն տարածաշրջանից։ Այս գործակցությունն օգնում է պահպանել բարձր մասնագիտական չափանիշներ՝ միաժամանակ ընդգծելով հայկական խաղողի տեսակների ինքնատիպ բնույթը։
Մեր տեսլականը
Ուղղություն, որով շարժվում ենք
Մեր տեսլականը ձևավորվել է գործի նկատմամբ սիրուց, ստեղծարարությունից և տարիների փորձից։ Այս արժեքներն են առաջնորդում մեր աշխատանքն ամեն օր։
Մենք ձգտում ենք պահպանել և զարգացնել հայկական գինեգործության հազարամյակների ժառանգությունը։ Միաժամանակ ստեղծում ենք գինիներ, որոնք արտահայտում են մեր տերուարի առանձնահատկությունները և համադրում ավանդույթն ու ժամանակակից մոտեցումները։
Մեր կարևոր նպատակն է նաև ստեղծել կապ գինու սիրահարների և հայկական գինեգործական ժառանգության միջև՝ հնարավորություն տալով բացահայտել հայկական գինու ինքնատիպ համերը։
Մեր առաքելությունը և նպատակները
Ինչու ենք ստեղծում գինի
Մեր առաքելությունը գալիս է այն նույն գաղափարից, որով հիմնադրվեցինք 2001 թվականին՝ աջակցել և զարգացնել համայնքը։ Տեղի խաղողագործների հետ գործակցությունը հնարավորություն է տալիս ստեղծել գինիներ, որոնք արտահայտում են տարածաշրջանի բնույթը և միաժամանակ նպաստում համայնքի տնտեսական զարգացմանը։
Մեր նպատակներն են․
Ավանդույթի և մշակույթի պահպանում․ մեր գործունեությամբ պահպանել և տարածել հայկական գինեգործական ժառանգությունը և ներկայացնել աշխարհում դրա պատմությունն ու ավանդույթները գինու սիրահարներին։
Կայունություն և նորարարություն․ կարևորել կայուն գյուղատնտեսական մոտեցումները և շարունակաբար զարգանալ՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ։
Որակ և գերազանցություն․ մշտապես կատարելագործել գինեգործության տեխնիկաներն ու գործընթացները, որպեսզի Lusarev -ի յուրաքանչյուր շիշ համապատասխանի որակի բարձր չափանիշներին։
Հոգատարություն և պատասխանատվություն․ պատասխանատվություն կրել շրջակա միջավայրի նկատմամբ և ապահովել մեր հյուրերի ու սպառողների լավագույն փորձառությունը՝ ուշադրություն դարձնելով ստեղծման և մատուցման յուրաքանչյուր մանրուքին։
Մեր թիմի և համայնքի աջակցության շնորհիվ մենք ստեղծում ենք ոչ միայն գինի, այլև զարգացող և կենսունակ համայնք, որը մեզ հետ միասին շարունակում է առաջ շարժվել՝ հավատարիմ մնալով իր ավանդույթներին։
Մեր փիլիսոփայությունը՝ հասանելի շքեղություն
Մենք հավատում ենք, որ իրական շքեղությունը ցուցադրական չէ․ այն զգացողություն է։ Այն պահն է, երբ սովորական երեկոն դառնում է ավելի տաք, զրույցն ավելի խորը, իսկ հիշողություններն ավելի երկարատև։ Lusarev -ը ստեղծված է այն մարդկանց համար, ովքեր սիրում են գեղեցիկ ապրել՝ առանց սպասելու հատուկ առիթների։
Մեր նպատակը միայն գինի ստեղծելը չէ․ մենք ձգտում ենք գինի խմելու մշակույթը զարգացնել որպես կյանքի որակի մի մաս և փոխանցել այն որպես ընտանեկան արժեք՝ սերնդեսերունդ։
Միացե՜ք մեզ այս ճանապարհին և բացահայտե՜ք հայկական գինու իրական համերը։
Մեր թիմը և համայնքը
Հետևում կանգնած մարդիկ՝ Lusarev -ի, մեր գլխավոր շարժիչ ուժն են։ Մեր ընտանիքը միավորում է ինչպես գործարանի նվիրված աշխատակիցներին ու Աղավնաձորի բնակիչներին, այնպես էլ արտադրության սրտում ստեղծագործող փորձառու գինեգործներին։
Ամենօրյա աշխատանքն ու հոգատարությունն ապահովում են մեր աշխատակիցները՝ խաղողի խնամքն ու գինու արարումը վերածելով համայնքային ջերմ ավանդույթի։ Իսկ համերի նրբագեղությունն ու բրենդի յուրահատուկ ձեռագիրը ստեղծում են մեր գլխավոր մասնագետները։
Մեր թիմում ներդաշնակորեն միավորված են տեղացի վարպետ-գինեգործների հմտություններն ու Ֆրանսիայի պատմական Շամպայն մարզից հրավիրված խորհրդատուների միջազգային փորձը։
Այս համադրությունն է, որ Lusarev -ի համար գինեգործությունը դարձնում է վարպետություն՝ իր մասնագիտական ձեռագրով։
Մեր գործարանը
Բարի գալուստ Աղավնաձոր՝ «Lusarev» գինեգործարան
Հայաստանը գինեգործության օրրաններից է, իսկ Վայոց ձորի Աղավնաձոր գյուղը՝ դրա կարևոր կենտրոններից մեկը։ Այստեղ բնությունը ձևավորել է խաղողագործության համար բարենպաստ հողակլիմայական պայմաններ։
Հենց այստեղ է տեղակայված Lusarev -ի գինեգործարանը։ Ավելի քան երկու տասնամյակի ընթացքում մենք անցել ենք զարգացման կայուն ուղի՝ փոքր ընտանեկան նախաձեռնությունից վերածվելով միջազգային չափանիշներով վերազինված ժամանակակից արտադրության։
Մեր գործարանում ամեն գինի անցնում է իր ամբողջ ճանապարհը մեզ հետ՝ բերքահավաքից մինչև շշալցում։